Թանգարանների ուղեցույց
Բացահայտեք Հայաստանի թանգարանները՝ ըստ անվան կամ մարզի։

Հայաստանի Պատմության Թանգարան
Հայաստանի պատմության թանգարանն ազգային նշանակության մշակութային կազմակերպություն է, որն ավելի քան մեկ դար շարունակ ձեռք է բերում, հավաքում, հայտնաբերում, հաշվառում, պահպանում, ուսումնասիրում, մեկնաբանում և ցուցադրում Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող նյութական և ոչ նյութական մշակութային արժեքներ՝ նպաստելով գիտության, կրթության, զբոսաշրջության զարգացմանը։ Ավելի քան չորս հարյուր հազար հնագիտական, ազգագրական, դրամագիտական և այլ հավաքածուների հիման վրա է թանգարանը փորձում կամրջել անցյալն ու ապագան։ Թանգարանային հավաքածուն արտացոլում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից (մեզանից մեկ միլիոն ութ հարյուր հազար տարի առաջ) մինչև մեր օրերը։ Թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի համար 439 օրենքով (09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Բացվել է այցելուների համար 1921 թ. օգոստոսի 20-ին։ Կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության թանգարան (2003թ.)։
Բացել էջը →
Օրբելի եղբայրների տուն-թանգարան (Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ)
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982 թվականին, երբ երկրի գիտական հասարակությունը նշում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը: Թանգարանի անբաժանելի մասն է կազմում Հայաստանի վաստակավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի` Օրբելի եղբայրների հուշաքանդակը` կանգնեցված թանգարանին կից հրապարակում, որը չի վրիպում անցորդների աչքից և հրավիրում է նրանց Օրբելիների տուն: Թանգարանն ունի շուրջ 3000 մշակութային արժեքների հավաքածու: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգ քաղաքից: Տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային: Երեք սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին, գիտական և հասարակական գործունեությունը: Իսկ մյուս երեք հուշասենյակներում ցուցադրված են Օրբելի եղբայրների անձնական իրերը, գրասեղանը, բազմոցը, բազկաթոռը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային առարկաները: Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով` ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ: Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները: Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ աշխատանքներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով՝ բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ: Լուսանկարների հարուստ ֆոնդը վառ պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են:
Բացել էջը →
Երվանդ Քոչարի թանգարան
Երվանդ Քոչարի (1899-1979 թթ.) թանգարանը ստեղծվել է 1984 թվականին՝ մաեստրոյի արվեստանոցի տեղում: Այն տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման ու պրոպագանդման եզակի կենտրոն է: Քոչարը Փարիզում (1923-1936թթ.) եռանդուն մասնակցություն է ունեցել պատմական ավանգարդ արվեստի կերտման գործում: Նրա փարիզյան շրջանի ստեղծագործական ժառանգությունը պատկանում է ինչպես հայ, այնպես էլ եվրոպական մշակույթին: Ֆրանսիայում նա ստեղծեց պլաստիկ-գեղանկարչական նոր արտահայտչաձև՝ տարածական նկարչությունը, որը արվեստի խոշորագույն տեսաբանների կարծիքով, ավանգարդ արվեստի մեծագույն նվաճումներից է: 1936թ. ստորագրել է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը», որը ժամանակի նորագույն գեղագիտական սկզբունքների ազդարարն էր: Բավական է աչքի անցկացնել ստորագրողների ցանկը (Արպ, Դելոնե, Կալդեր, Դյուշան, Կանդիսկի և այլք), և ընթերցողի առջև հառնում է ոչ միայն ավանգարդ կերտողների ընտրանին, այլև Քոչարի արվեստի տեղն ու դերը ժամանակի մեջ և այդ արվեստագետների շարքում: 1936թ. Քոչարը ներգաղթեց ԽՍՀՄ և հայտնվեց «Երկաթե վարագույրից» այս կողմ՝ բերելով ժամանակակից արվեստի շունչը, ոգին, մոտեցումները: Մեծ գեղագետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում, սակայն միայն այստեղ կարելի է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել արվեստագետի անցած ողջ ստեղծագործական ճանապարհի մասին. ցուցադրվում են «Թիֆլիսյան», «Փարիզյան», «Երևանյան» շրջանների գեղանկարներ, գրաֆիկաներ, քանդակներ, սեղմումով գործեր: Միայն այստեղ և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել քոչարյան արվեստի այն հրաշքը, որ կոչվում է «տարածական նկարչություն»: Ներկայացված են նաև ավանգարդի մեծերի հետ Քոչարի առնչությունների մասին վկայող հազվագյուտ փաստաթղթեր և մեծարժեք վավերագրեր:
Բացել էջը →
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան
Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին։ Թանգարանի հիմնական նպատակն է եղել ամրապնդել երկու ժողովուրդների բարեկամական, մշակութային և պատմական կապերը։ Թանգարանի հավաքածուն պարեբարաբար համալրվում է նոր նմուշներով, ինչպես նաև վերականգնվում են առկա նմուշները։ Թանգարանի ֆոնդերում պահվում է ավելի քան 800 պատմական, ազգագրական, գրավոր աղբյուր։ Ցուցադրված են լուսանկարներ, քարտեզներ, մեդալներ և շքանշաններ։ Կարելի է տեսնել կենցաղային իրեր, ժողովրդական ստեղծագործողների աշխատանքներ։ Հաճախ կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ։
Բացել էջը →
Սերգեյ Փարաջանովի թանգարան
Սերգեյ Փարաջանովի թանգարանը նվիրված է 20-րդ դարի ամենաեզակի կինոբեմադրիչներից և արվեստագետներից մեկի ստեղծագործական աշխարհին։ Թանգարանը ներկայացնում է Փարաջանովին ոչ միայն որպես կինոռեժիսոր, այլ որպես բազմաժանր արվեստագետ, որի երևակայությունն ու մտածողությունը դուրս են արվեստի ավանդական սահմաններից։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է Փարաջանովի կոլաժները, ասամբլյաժները, ֆիլմերի էսքիզները, տիկնիկները, գլխարկները, անձնական իրերը և ընկերների նվերները՝ ընդհանուր առմամբ շուրջ 1700 նմուշ։ Այս նյութերը բացահայտում են նրա արվեստի լեզուն, որտեղ առօրյա առարկաները վերածվում են խորհրդանշական և գեղարվեստական արտահայտությունների։ Փարաջանովի ստեղծագործությունը ձևավորվել է հայկական, արևելյան և եվրոպական մշակութային ավանդույթների խաչմերուկում։ Նրա արվեստին բնորոշ են վառ պատկերային մտածողությունը, խաղը նյութի հետ և յուրահատուկ հումորը, որոնք նրան դարձրել են համաշխարհային մշակույթի առանձնահատուկ երևույթ։ Տարիների ընթացքում թանգարանը կազմակերպել է տասնյակ ցուցահանդեսներ տարբեր երկրներում՝ Գերմանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում և այլուր։ Ցուցահանդեսները հաճախ իրականացվել են միջազգային կինոփառատոների շրջանակներում և հեղինակավոր թանգարաններում՝ նպաստելով Փարաջանովի արվեստի միջազգային ճանաչմանը։ Թանգարանը այսօր ոչ միայն հիշատակի վայր է, այլ նաև կենդանի մշակութային տարածք, որտեղ Փարաջանովի արվեստը շարունակում է խոսել ժամանակակից հանդիսատեսի հետ։
Բացել էջը →
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարան
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ազգային մշակույթի այն եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է փայտի, մետաղի և քարի գեղարվեստական մշակման, ասեղնագործության և ժանեկագործության, գորգագործության և կարպետագործության, խեցեգործության նմուշներ, ինչպես նաև ինքնուս նկարիչների գեղանկարներ: Թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և էթնիկ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով։ Հավաքածուի հենքը կազմում են ազգագրագետ, բանահավաք Հաբեթնակ Բաբայանի ջանքերով դեռևս 1937 թվականին հիմնադրված Ժողովրդական ստեղծագործության տան ցուցանմուշները: Թանգարանի շենքը կառուցվել է 1930-ականներին (ճարտարապետ՝ Վարազդատ Արևշատյան) և նակինում պատկանում էր Գեղարվեստի ինստիտուտին: Վերանորոգումից հետո ինստիտուտի փոքրիկ լսարանները վերափոխվել են լայն և լուսավոր սրահների: Շենքի ներքին հարդարման աշխատանքներին իրենց մասնակցությունն են ունեցել մի շարք ժողովրդական վարպետներ: Ինտերիերի որոշ հատվածների յուրատիպ ձևավորումն արդյունք է անվանի նկարիչ Գրիգոր Խանջյանի էսքիզների: Թանգարանն ունի մասնաճյուղ Դիլիջան քաղաքում և Փայտարվեստի ցուցասրահ՝ Երևանի Պարոնյան փողոցում: Այժմ, վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես գործում է միայն Փայտարվեստի ցուցասրահը՝ Պարոնյան 4 հասցեում։
Բացել էջը →
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի հիշատակը հավերժացնելու նպատակով 1958 թվականին նրա առանձնատունը վերածվում է տուն-թանգարանի: 1963 թվականի հոկտեմբերի 31-ին տեղի է ունենում տուն-թանգարանի բացումը: Թանգարանի ցուցադրությունն այցելուին է ներկայանում հուշային մասով և բանաստեղծի կյանքն ու գրական ժառանգությունը ներկայացնող մշտական ցուցադրությամբ: Հուշային մասը կազմում են բանաստեղծի` առաջին հարկում գտնվող աշխատասենյակը, ննջարանը, հյուրասենյակը, ինչպես նաև գողտրիկ այգին: Այստեղ ամեն ինչ պահպանվում է այնպես, ինչպես եղել է նրա կենդանության օրոք: Բանաստեղծի աշխատասենյակում կարելի է տեսնել նրա հարուստ գրադարանը, հնօրյա գրասեղանը, բազմոցը, անձնական իրերը։ Հուշային սենյակներից է Վարպետի հյուրասենյակը, որտեղ սովորաբար անցկացվում էին գրական հավաքներ, տոնական խնջույքներ: Թանգարանի հուշային մասը եզրափակում է ննջարանը, որտեղ կախված է սիրելի մոր` Ալմաստի լուսանկարը: Թանգարանի բնական շարունակությունն է ծաղկաշատ այգին: Այգու խորքում տեղադրված է Ռաֆայել Իսրայելյանի նախագծած տուֆակերտ նստարանը, քիչ հեռու՝ Նիկողայոս Նիկողոսյանի կերտած` Իսահակյանի բրոնզաձույլ կիսանդրին և Նորայր Կարգանյանի նախագծած տուֆակերտ հուշապատը: Թանգարանում ներկայացված են նաև ձեռագրեր, տարբեր տարիների հրատարակություններ, լուսանկարներ, անձնական իրեր, կարևոր վավերագրեր:
Բացել էջը →
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
Երևանի ամենահին թաղամասերից մեկում՝ Քանաքեռում է գտնվում հայ Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը: Այն ունի 1 հա կանաչապատ տարածք՝ մրգատու, դեկորատիվ ծառերով և ծաղիկներով: Թանգարանը բացառիկ է իր կառուցվածքով. գրողի տոհմական տունը և վարչական-ցուցադրական շենքը ներկայացված են առանձին կառույցներով: Աբովյանների տոհմական տունը ունի գրեթե երեքդարյա պատմություն: Հարթ տանիքով միահարկ շինություն՝ բաղկացած երեք սենյակից /թոնրատուն, մառան, հյուրասենյակ/ և մեծ պատշգամբից, որտեղ սրբորեն պահպանված է հայ նահապետական միջավայրն իր կենցաղով և բարքերով: Ժամանակին այս տունը հյուրընկալ օջախ է եղել բարձաստիճան հոգևորականների, աշխարհիկ գործիչների և խաների համար: Այցելուների թվում եղել են նաև օտարերկրյա գիտնականներ՝ Ֆրիդրիխ Պարրոտ, Ֆրիդրիխ Բոդենշտեդ, Կարլ Կոխ, Հերման Աբիխ, Ավգուստ Հաքստ¬հաուզեն և ուրիշներ: 1938 թվականից տունը գործում է որպես թանգարան: Տոհմական տունը և թանգարանային շենքը (կառուցված 1978թ-ին) համարվում են պատմական հուշարձաններ: Թանգարանային ցուցադրությունը ներկայացնում է մեծ լուսավորչի կյանքն ու գործունեությունը: Բացի կենսագրական-ստեղծագործական վավերագրերից և նյութերից, այստեղ տեղ են գտել նաև գեղանկարներ, գծանկարներ, քանդակներ, կիրառական արվեստի առարկաներ, լուսանկարներ և փաստաթղթեր։ Հիշատակության են արժանի հայ անվանի նկարիչներ Գևորգ Բաշինջաղյանի, Երվանդ Քոչարի, Էդուարդ Իսաբեկյանի և այլոց կտավները, ինչպես նաև հնատիպ և հազվագյուտ հրատարակություններ։ Ցուցադրության ուշագրավ նմուշներից են նաև Դորպատից բերված Խ. Աբովյանի ջութակը և Դորպատի համալսարանից ուղարկված գրողի ուսանողության տարիների գրասեղանն ու աթոռները: Թանգարանի տարածքում է գտնվում Անդրեաս Տեր-Մարուքյանի՝ 1913թ-ին Փարիզում կերտած Խ. Աբովյանի բրոնզաձույլ արձանը: Այն առաջին մոնումենտալ արձանն է՝ նվիրված գրական գործչի, և գրանցված է հանրապետական նշանակության պատմական հուշարձանների ցանկում: Թանգարանի այցեքարտերից է Աբովենց այգին՝ բացօթյա գրադարանով, wifi հնարավորությամբ, հարմարավետ կահավորմամբ և հարուստ բուսականությամբ: Թանգարանի գործունեության անբաժան մասն են կազմում գրական-մշակութային միջոցառումները՝ համերգներ, ներկայացումներ, ընթերցումներ, շնորհանդեսներ, ցուցադրություններ, կլոր սեղան-քննարկումներ և այլն:
Բացել էջը →
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին: ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով կառուցված թանգարանային այս շենքն իր 48 խորանների ներքո գտնվող մոտ 6500քմ. ընդհանուր մակերեսով ցուցասրահներում ներկայացնում է հայ ժողովրդական մշակույթի ինքնատիպ նմուշներ։ Թանգարանում ներկայացված են հայկական արհեստները, ուտեստի համակարգը, տարազը, կահ-կարասին, ժողովրդական նվագարանային արվեստը, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ճյուղեր: Հայոց ազգագրության թանգարանում պահպանվում, ցուցադրվում, ուսումնասիրվում և հանրահռչակվում է ավելի քան 77000 թանգարանային առարկա: Թանգարանի հավաքածուն կազմված է հետևյալ բաժիններից` «Ազգագրական և կենցաղի առարկաներ», «Գործվածք», «Հնագիտություն», «Թանկարժեք մետաղ», «Ապակի», «Դրամագիտություն», «Կերպարվեստ», «Հոգևոր մշակույթ», «Արտասահմանյան ժողովուրդների ազգագրություն», «Փաստաթուղթ», «Ֆոտո-կինո լուսանկարներ և սևանկարներ», «Հերոսամարտի պատմություն»։
Բացել էջը →
Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահը Հայաստանում կերպարվեստի խոշորագույն և հայկական արվեստի հավաքածուով աշխարհի ամենամեծ թանգարանն է: Հիմնադրվել է 1921 թվականի օգոստոսի 14-ին: Ընդգրկում է հայկական և արտասահմանյան կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ավելի քան 41 000 ցուցանմուշ, ինչպես նաև հայ և օտարերկրացի անվանի արվեստագետներին, կարևոր իրադարձություններն ու դրվագները ներկայացնող փաստավավերագրական ու գեղարվեստական արժեք ունեցող լուսանկարների, նոթատետրերի ու նամակների, հոդվածների ու անձնական իրերի շուրջ 200 000 նմուշ ներառող բացառիկ հավաքածու։ Հայաստանի ազգային պատկերասրահի բացառիկ հավաքածուն ընդգրկում է հայ և արտասահմանյան արվեստի եզակի նմուշներ, որոնց թվում են աշխարհահռչակ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Մարկ Շագալի, Վասիլի Կանդինսկու, Դոնատելլոյի, Տինտորետտոյի և այլ հանրահայտ հեղինակների գլուխգործոցներ:
Բացել էջը →
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան
20-րդ դարի մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի (1880-1972) տուն-թանգարանը հիմնադրվել է 1967 թվականին՝ նկարչի կենդանության օրոք: Կերպարվեստի ֆոնդի հիմքը կազմել են Սարյանի կողմից նվիրաբերված ստեղծագործությունները: Սարյանի տան հատակագծի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանը, թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով: Մինչև 2013 թ. թանգարանի շենքը բաղկացած է եղել նկարչի երկհարկանի առանձնատնից և կից կառուցված եռահարկ պատկերասրահից: 2013-2016թթ. կառուցվել է 4-րդ հարկը, բաց պատշգամբը վերածվել է գրադարան-արխիվի, թանգարանը համալրվել է թեքահարթակով, վերելակով, ցուցադրության լրացուցիչ տարածքներով և բազմաֆունկցիոնալ դահլիճով: Թանգարանը համագործակցում է ARLOOPA ընկերության հետ, ինչն էլ ավելի հիշարժան է դարձնում այցելությունը թանգարան: 2023թ․ «Սարեր» մշակութային ֆոնդի կողմից թանգարանում ներդրվել է տեսողական խնդիրներ ունեցող այցելուների համար նախատեսված «Խոսող կտավներ» ներառական ծրագիրը: Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի ստեղծագործական բոլոր շրջաններն ու ժանրերը: Թանգարանի՝ 300-ից ավելի ստեղծագործությունից բաղկացած մշտական ցուցադրությունում են գտնվում «Արևելյան ծաղիկներ», «Ջրհորի մոտ. շոգ օր», «Ինքնադիմանկար», «Գիշերային բնանկար», «Եգիպտական դիմակներով նատյուրմորտ», «Քայլող կինը» գլուխգործոցները: Այցելուները հնարավորություն ունեն նաև տեսնելու Վարպետի արվեստանոցը և նրա տան հուշային ցուցադրությունը:
Բացել էջը →
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը բացվել է 1967թ. նոյեմբերի 25-ին: Այն Հայաստանում առաջին երաժշտական-հուշային թանգարանն է: Տուն-թանգարանի շենքը (կառուցվել է 1925-26թթ) գտնվում է Երևանի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում: Այն Խորհրդային Հայաստանի առաջին բազմաբնակարան շենքերից է և հանրապետական նշանակության հուշարձան է: Այս շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկում Ալեքսանդր Սպենդիարյանը ապրել է 1926-28 թթ-ին, որն այժմ նրա տուն-թանգարանն է: Թանգարանային հավաքածուն ներառում է կոմպոզիտորի անձնական իրերը, երաժշտական գործիքները, փաստաթղթեր, նամականին ու ձեռագրեր, որոնք վկայությունն են նրա ստեղծագործական հարուստ կյանքի, հայ և համաշխարհային երաժշտության մեջ նրա թողած մեծ ավանդի: Մշտական ցուցադրությունը ներկայացված է «Կյանքի ուղին» և «Ստեղծագործական ուղին» սրահներում, իսկ կոմպոզիտորի աշխատասենյակը վերականգնված է ճշգրտորեն, ինչպես եղել է նրա կենդանության օրոք: Միայն այստեղ այցելուները կարող են տեսնել կոմպոզիտորի մտահղացմամբ 1905 թ. ստեղծված Սպենդիարոֆոն երաժշտական գործիքը և լսել դրա ինքնատիպ hնչողությունը, ունկնդրել Սպենդիարյանի «Վալսը» նրա Յակոբ Շտայներ (Jakob Stainer) ֆիրմայի ջութակի հնչողությամբ, ծանոթանալ նրա «Ալմաստ» օպերայի բեմական փառահեղ ուղուն: Ինտերակտիվ կրթական ծրագրերի բազմազանության մեջ այցելուները կարող են փորձել իրենց դիրիժորական կարողությունները «Վիրտուալ դիրիժոր» ծրագրի միջոցով, շրջել «Սպենդիարյանական վայրերով», ստեղծել իրենց սիմֆոնիկ նվագախմբը և այլն: Տուն-թանգարանում իրականացվում են համերգներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, մշակութային բազմաբնույթ միջոցառումներ:
Բացել էջը →
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Հայ ժողովրդի մեծ զավակ, աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հիմնադրվել է 1978 թվականին: Այն կոչված է մեծ արվեստագետի հիշատակը հավերժացնելու և նրա երաժշտական հարուստ ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու: Տուն-թանգարանը գտնվում է Երևանի կենտրոնում: Այն ստեղծվել է մարշալ Բաղրամյան պողոտայի և Պլեխանով (այժմ` Զարոբյան) փողոցի հատման հատվածում գտնվող այն առանձնատան հիման վրա, որ 1945 թվականին Արամ Խաչատրյանին նվիրել է Խորհրդային Հայաստանի կառավարությունը: Կոմպոզիտորը շատ է սիրել երևանյան իր այս տունը: Հայաստանում գտնվելիս այստեղ է իջևանել, ընդունել հյուրերին և ստեղծագործել: Արամ Խաչատրյանի ցանկությունն է եղել, որ իր միակ Տուն-թանգարանը բացվի հենց Երևանում:
Բացել էջը →
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Կոմիտասի թանգարան ինստիտուտի գործունեությունն ուղղված է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։ Մշակութային-գիտական այս հաստատությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, ունի բազմաֆունկցիոնալ կառուցվածք՝ մշտական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներ, համերգային դահլիճ, երաժշտական գրադարան, հրատարակչություն: Թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ սրահներից, որոնցում արտացոլված են Կոմիտասի կյանքի ուղին, նրա երաժշտագիտական, կոմպոզիտորական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում պարբերաբար կազմակերպվում են Կոմիտասին, նրա գործունեությանն ու ժամանակաշրջանին, նրա ժամանակակիցներին, ինչպես նաև արվեստի տարբեր ճյուղերին նվիրված ցուցադրություններ (երաժշտություն, կերպարվեստ, լուսանկարչություն և այլն)։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում իրականացվում են ավանդական և ակադեմիական երաժշտության համերգներ, դասախոսություններ և սեմինարներ, «Կոմիտաս» միջազգային գիտաժողով–փառատոնը։ Թանգարանում կազմակերպվում են կրթական բազմաժանր ծրագրեր՝ նախատեսված տարիքային և սոցիալական տարբեր խմբերի համար, ինչպես նաև ամառային դպրոց։ Թանգարանի գիտահետազոտական ինստիտուտում իրականացվում են Կոմիտասի կյանքին ու գործունեությանը, ինչպես նաև հայ ավանդական ու դասական երաժշտությանը նվիրված գիտական ուսումնասիրություններ։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչությունը լույս է ընծայում մենագրություններ, գիտական հոդվածների ժողովածուներ, երաժշտական մատենաշարեր, ցուցադրությունների պատկերագրքեր և Կոմիտասին վերաբերող այլ ուսումնասիրություններ։ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում գործում է երաժշտական գրադարան, որը ներառում է երաժշտագիտական գրքերի և ձայնապնակների հարուստ հավաքածու։
Բացել էջը →
Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածու) Հայաստանի միակ թանգարանն է, որտեղ հավաքված են ռուսական մշակույթի առավել հետաքրքրական ժամանակաշրջաններից մեկի՝ «Արծաթե դարի» (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ) նկարիչների աշխատանքները։ Թանգարանը ստեղծվել է 1980 թվականին՝ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անհատական հավաքածուի հիման վրա։ Այցելուների համար թանգարանը բացվել է 1984 թվականին։ Արամ Աբրահամյանը, փայլուն վիրաբույժ-կլինիկաբանի և գիտնականի իր գործունեությունը զուգորդելով արվեստի հանդեպ ջերմ սիրո հետ, ստեղծել է արժեքավոր հավաքածու։ Թանգարանի հավաքածուն ներառում է ռուս նկարիչների ավելի քան 350 աշխատանք, որոնք ներկայացնում են գեղանկարչություն, գծանկար, քանդակ և դեկորատիվ-կիրառական արվեստ։ Թանգարանում ներկայացված են դարաշրջանի ականավոր արվեստագետները և արվեստի առաջատար խմբերը:
Բացել էջը →
Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը հիմնադրվել է 1964 թվականին՝ ՀՍՍՀ նախարարների խորհրդի փետրվարի 8-ի որոշմամբ, Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։ Տուն–թանգարանում հատկապես ուշագրավ են Եղիշե Չարենցի արտասահմանյան ճանապարհորդությունից (1924-1925 թթ.) բերված իրերը, արվեստի յուրօրինակ նմուշները։ Թանգարանը կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, չարենցյան ընթերցումներ, կրթական ծրագրեր և այլն։ Թանգարանն անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ժամանակավոր ցուցահանդեսներ։
Բացել էջը →
Հովհաննես Թումանյանի թանգարան
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923) թանգարանը հիմնադրվել է 1949 թվականին՝ գրողի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Հայաստանի կառավարության որոշմամբ, նրա հիշատակը հավերժացնելու, գրական ու նյութական ժառանգությունը պահպանելու նպատակով: Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1953 թ. ապրիլի 5-ին` Երևանի Մոսկովյան 40 հասցեում։ Թանգարանի շենքի ճարտարապետն է Գրիգոր Աղաբաբյանը։ Թանգարանում խնամքով պահվում է ավելի քան 19000 ցուցանմուշ: Գրողի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում, որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանին: Խորհրդավոր տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով` այցելուին տեղափոխելով Հայաստանի կանաչազարդ գեղեցիկ անկյուններից մեկը: Թանգարանի երկրորդ հարկում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը` ավելի քան 8000 գրքով: Թանգարանը հարուստ է նաև կերպարվեստի գլուխգործոցներով, որոնք զարդարել են Թումանյանի բնակարանն իր կենդանության ժամանակ (Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Ալ. Բաժբեուկ-Մելիքյան), նաև նոր գործերով, որոնք ստեղծվել են մտավորականի կյանքի և ստեղծագործությունների ազդեցությամբ (Մ. Սարյան, Գ. Խանջյան, Ալ. Գրիգորյան և այլք): Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի և կիրառական արվեստի նմուշների յուրատեսակ ցուցահանդես է: Թանգարանը ծավալում է բազմաբնույթ և ակտիվ գործունեություն՝ գրավիչ և հաճելի վայր մնալով թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Թանգարանում այցելուն կարող է վայելել նոր տեխնոլոգիաների կիրառման ինքնատիպ փորձեր՝ համադրված դասական ցուցադրության հետ, դիտել անիմացիոն եռաչափ մուլտֆիլմեր, հեռախոսային հատուկ հավելվածների միջոցով հանդիպել անսպասելին ու լուսանկարվել, մասնակցել զանազան միջոցառումների, կրթական ծրագրերի, ցուցահանդեսների: Թանգարանը զբաղվում է նաև բեղուն գիտական գործունեությամբ՝ ուսումնասիրելով և հրապարակելով Թումանյանի ընտանիքի՝ հատկապես զավակների արխիվները, Թումանյանին վերաբերող նոր նյութեր, կազմակերպելով մանկական գրականությանը և հեքիաթագիտությանը վերաբերող գիտաժողովներ: Վերանորոգման և վերակառուցման աշխատանքներով պայմանավորված` թանգարանը, Մոսկովյան 40 հասցեի փոխարեն, իր ժամանակավոր գործունեությունը ծավալում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։ Ցուցադրությունը ներկայացված է երկու հարկերում։ Առաջին հարկի ցուցադրությունը կոչվում է «Թումանյանը` ընթերցող»։ Ներկայացված են գրողի գրապահարանները, Թումանյանի թիֆլիսյան բնակարանի հյուրասենյակից մի գողտրիկ անկյուն և այլ ցուցանմուշներ։ Երկրորդ հարկի ցուցադրությունը նվիրված է «Վերնատան» գործունեությանը։ Այստեղ դարձյալ վերարտադրվել են Թումանյանի թիֆլիսյան բնակարանից տարբեր հատվածներ։ Թանգարանը նորովի, ժամանակակից լուծումներով կվերաբացվի Մոսկովյան 40 հասցեում` 2026 թվականին (ըստ նախագծի)։
Բացել էջը →
«ԳԱՌՆԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Երևանից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, եռանկյունաձև հրվանդանի վրա` շրջապատված խորը ձորերով: Այն զբաղեցնում է 3,5 հա տարածություն (պահպանական գոտու հետ միասին` 5,1 հա) և ներառում է պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն: 2011 թ. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է «Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան) Մելինա Մերկուրի միջազգային մրցանակին: Արգելոց-թանգարանի տարածքում ամեն տարի տեղի են ունենում բազմամարդ մշակութային միջոցառումներ: Այն հանրապետության զբոսաշրջային ամենաշատ այցելություն ունեցող հուշարձաններից է։
Բացել էջը →
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
Զվարթնոց արգելավայրի ստեղծումը պայմանավորված է 1900-1907 թթ. Էջմիածնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ և 1904 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ պեղումներով բացված Զվարթնոց կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի (կառուցված 641-652 թթ.) և հարակից շինությունների ավերակների պատմաճարտարապետական բացառիկ նշանակությամբ և պատմահնագիտական գտածոների արժեքով: Զվարթնոց տաճարի հարավային կողմում 1936-1937 թթ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ կառուցվել է Զվարթնոց թանգարանային շենքը, որի բացումը կատարվել է 1937 թ. նոյեմբերիր 7-ին: Սկզբում այն ունեցել է փոքր ցուցադրություն` ձևավորված մեկ սրահի մեջ` 80 քմ մակերեսով: 1988 թ. ճարտարապետ Լ.Սադոյանի նախագծով սկսվել են թանգարանային շենքի ընդարձակման աշխատանքները և այն գրեթե քառապատկվել է, իսկ 2003 թ. ավարտին է հասցվել թանգարանային շենքի հարդարման աշխատանքները: Այժմ ցուցադրության համար թանգարանն ունի 3 սրահներ`երկուսը մշտական, իսկ մեկը` ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունների կազմակերպման համար: Թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերում, ինչպես նաև բաց ցուցադրությունում կան 10 հազարից ավելի միավոր նյութեր, որոնցից առավել ամբողջականները տեղ են գտել մշտական ցուցադրության մեջ:
Բացել էջը →
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Գրականության և արվեստի թանգարանում են պահվում 19-20րդ դարերի հայ գրականության, երաժշտության, թատրոնի և կինոյի գործիչների անհատական արխիվները, մշակութային տարբեր կազմակերպությունների հավաքածուները, որոնք մեծածավալ տեղեկատվություն են պարունակում հայ մշակույթի հիշյալ ոլորտների մասին։ Թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում լույս տեսած հազարավոր ուսումնասիրություններում և հոդվածներում օգտագործված են ԳԱԹ-ում պահվող վավերագրերն ու փաստաթղթերը։ Այսպիսով, Գրականության և արվեստի թանգարանը նոր շրջանի հայ մշակույթի պահպանման և ուսումնասիրման ամենամեծ շտեմարանն է աշխարհում։ Թանգարանում պահվում են շուրջ 2000000 միավորներ։ Հավաքածուում մեծ թիվ են կազմում նաև կերպարվեստի և կիրառական արվեստի գործերը։ Թանգարանում պահվում են նաև համաշխարհային նշանակության վավերագրեր, ինպես օրինակ Նապոլեոն Բոնապարտի հրաժարականը, Ռոմանովների գրագրությունները և այլն։ Գրականության և արվեստի թանգարանն ունի վեց մասնաճյուղ՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում, Ակսել Բակունցի տուն-թանգարանը Գորիսում, Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը և Գրիգոր Ղափանցյանի թանգարանը Աշտարակում, Սիլվա Կապուտիկյանի և Դերենիկ Դեմիճյանի տուն-թանգարանները Երևանում։ Թանգարանի հավաքածուի մաս է կազմում նաև իրանահայ նկարիչ, հողարվեստի հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն (Միջին արևելքի թանգարան)։ Գրականության և արվեստի թանգարանը հիմնադրվել է 1921թվականին։
Բացել էջը →
«ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է: Այն գտնվում է Երևանից 35 կմ հարավ-արևմուտք, Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին: 1965 թ. մինչև այժմ Մեծամորում պարբերաբար պեղումներ են կատարվում: Պեղված մշակութային շերտերը վերաբերում են բրոնզի և երկաթի պարբերաշրջաններին: Պեղված նյութերը վկայում են, որ բրոնզի պարբերաշրջանում (մ.թ.ա. IV-II հազ.) Մեծամորը մշակույթի ծաղկուն կենտրոն էր: Լավ պահպանվել է պղնձաձուլարանի ամբողջ համակարգը` հալոցը և հնոցները, որոնք կառուցվել են ժայռերի մեջ: Գիտնականները պարզել են, որ Մեծամորը խոշոր բնակատեղի էր, որը զբաղեցնում էր 10,5 հա տարածք, ուներ կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ, զիկուրատ – «աստղադիտարան»: Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Միջնաբերդից 0,5 կմ հյուսիս-արևելք տարածվող դամբարանադաշտում պեղվել են կարմիր տուֆակերտ կրոմլեխներով օղակված հսկայածավալ դամբարաններ: Այստեղ թաղվել են ցեղային առաջնորդները, նրանց պատվին զոհաբերվել և թաղվել են նաև բազմաթիվ նժույգներ, խոշոր և մանր եղջերավոր անասուններ, շներ և նույնիսկ` ծառաներ ու ստրուկներ: Դամբարաններում թաղված առարկաներից ուշագրավ են ջնարակված կավամանները, քանդականախշ փայտե զարդատուփերը, ոսկուց, արծաթից և կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված պերճանքի առարկաները: Հայտնաբերված իրերի շարքում ամենանշանավորը բաբելոնյան թագավոր Ուլամ Բուրարիաշի ագաթից պատրաստված գորտ-կշռաքարն է (մ.թ.ա. XVI դ.) և բաբելոնյան մեկ այլ տիրակալ Կուրիգալզուին պատկանող եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը (մ.թ.ա. XV դ.): Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը: Վաղ երկաթի դարաշրջանում Մեծամորն Արարատյան դաշտի արքունի քաղաքներից, կարևոր վարչաքաղաքական և մշակութային կենտրոններից մեկն էր: Մ.թ.ա. VIII դ. Մեծամորը մտել է Վանի թագավորության (Ուրարտուի) մեջ: Կյանքն այստեղ շարունակվել է նաև միջնադարում` մինչև XVII դարը: Դրա լավագույն ապացույցներն են հայտնաբերված շինությունները, պարզ և ջնարակված խեցեղենը, պերճանքի առարկաները: «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968թ.: Ներկայումս այն գործում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Այստեղ հավաքվել և ցուցադրվել են հուշարձանից պեղված 27 000-ից ավել առարկաներ: Առաջին հարկում ցուցադրվում են ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերը, որոնք վերաբերում են վաղ բրոնզից մինչև ուշ միջնադարին: Երկրորդ հարկում ներկայացված են հնագույն Մեծամորի արհեստներն ու ծեսերը: Նկուղային հարկում գտնվում է հատուկ զետեղարանը, ուր ներկայացված են Վանի թագավորության շրջանի ոսկե, արծաթե, սաթե, կիսաթանկարժեք քարերից, մածուկից պատրաստված եզակի մշակութային արժեքներ:
Բացել էջը →
«ԱՄԲԵՐԴ ԱՄՐՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 18-ի N 541-Ն որոշմամբ` ներառվելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում: Պատմամշակութային արգելոցի տարածքը 45,07 հեկտար է: Ամբերդ ամրոց-բերդաքաղաքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ամրոցի կառուցման տեղը ընտրվել է հին և միջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների համաձայն: 5 հա տարածությամբ եռանկյունաձև հրվանդանը, որի վրա գտնվում է ամբողջ բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով: Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.: Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից: X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց թագավորության կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, որն իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը: Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև Վաչուտյաններին, որոնց օրոք այն դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը : «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է հետևյալ ճարտարապետական կառույցները. միջնաբերդը կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.),, գաղտնուղիները և այլ շինություններ ամրոցի ներսում: Դղյակ – բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից և դղյակի լուսամուտներից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է: Առաջին հարկը հատկացված է եղել տնտեսական նպատակների համար, իսկ երկրորդ և երրորդ հարկերը ծառայել են որպես բնակելի հարկաբաժիններ: Այն իշխող դիրք ունի ողջ ամրոցի և շրջապատի նկատմամբ, դրանով իսկ ապահովելով իր պաշտպանությունը և ընդգծելով իր կարևորությունն ամրոցի համալիրում: Նրա շուրջ 1500 քմ տարածքն ամփոփված է բարձր (15-16 մ) և հաստ (2-3 մ) այժմ կիսաքանդ պատերի մեջ: Դրանք հյուսիսային կողմում բրգաձև են, իսկ հարավայինում` հարթ: Բաղնիք – գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ. դղյակից մոտ 70 մ հեռավորության վրա, արևելյան պարսպապատին կից: Այն Պահլավունիների կողմից XI դարում կառուցված նշանավոր շինություններից է: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով : Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ` երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր: Լոգարանն ու հանդերձարանը ծածկված են տրոմպային անցմամբ գմբեթարդներով: 1936 թ. ակադեմիկոս Հ. Օրբելու ղեկավարությամբ պեղվեց բաղնիքն ու շրջապատը, իսկ 1972 թ. Յու. Թամանյանի նախագծմամբ սկսվեց բաղնիքի մաքրման ու վերականգնման աշխատանքները: 2005 թ. գրեթե ամբողջությամբ վերականգնվեց բաղնիքը: Մատուռ – գտնվում է բաղնիքից մոտ 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է X դ. ոչ շուտ: Կաթողիկե (Վահրամաշեն) – Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: Ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է և անպաճույճ: Եկեղեցու բակում գտնվում է արևի ժամացույցը: 1970-75 թթ. եկեղեցին վերանորոգվել է դրսի կողմից:
Բացել էջը →
«ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ» ԲՆԱԿԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ
Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Ժողովրդական բանավոր զրույցներում այն հիշատակվում է նաև Ցից քարեր և Ղոշուն դաշ անվանական տարբերակներով: Վերջին ժամանակներս հուշարձանը սխալմամբ հորջորջվում է նաև Քարահունջ: Հուշարձանը որոշակի դասավորությամբ ուղղահայաց կանգնեցված տասնյակ քարերի մի համալիր է, տեղավորված 3 հեկտարից ավել տարածության վրա: Ծովի մակարդակից բարձր է 1770 կմ: Կառույցի բոլոր քարերը բազալտից են, մի մասի վրա կան անցքեր: Հուշարձանը մասամբ է հետազոտված: Այստեղ ժամանակին մասնակի ուսումնասիրություններ են կատարել աստղագետ Էլ. Պարսամյանը, հնագետ Օ. Խնկիկյանը, ֆիզիկոս Պ. Հերունին և այլոք: Հուշարձանի և հարակից տարածքի նախնական ուսումնասիրությունը թույլ է տալիս հիմնավորել, որ Զորաց քարերը եզակի պատմամշակութային հնավայր են: Հիմնական կառույցի կենտրոնում առկա է քարարկղային դամբարան, որի դամբանախուցը հնում թալանվել է: Խցի հատակին պահպանված խեցու բեկորները վկայում են, որ կառույցը վերաբերում է մ.թ.ա. XV-XIV դդ.: Դեռևս 1931թ. հուշարձանի տարածքում ուղղահայաց կանգնած հսկայական քարերից մեկի տակ, պատահաբար, բացվել և ավերվել է դամբարան, որից հայտնաբերված նյութերի մի մասը մուտք են գործել Հայաստանի պատմության թանգարան: Ըստ պահպանված այդ գտածոների ավերված դամբարանը վերաբերում է միջին բրոնզի շրջափուլին և թվագրվում մ.թ.ա. II հազարամյակի I քառորդով: Մոտվորապես նույն ժամանակաշրջանին պետք է վերաբերի նաև Զորաց քարերի մոտակայքում նշմարվող բնակատեղին, որի տարածքից հավաքված վերգետնյա տարաժամանակյա հնագիտական նյութերը վերաբերում են մ.թ.ա. III-I հազարամյակներին: Նկատի ունենալով Զորաց քարեր հուշարձանի բացառիկ դերը ու նշանակությունը Հայաստանի վաղագույն շրջանի սոցիալ-մշակութային խնդիրների ուսումնասիրության գործում, ՀՀ կառավարությունը 2009 թ. հունիսի 26-ի որոշմամբ Զորաց քարեր հուշարձանախմբին տվել է պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, իսկ 2010 թ. դեկտեմբերի 2-ի որոշմամբ` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանվել է 50 հեկտար, այն փոխադրվել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
Բացել էջը →
«ԼՈՌԻ ԲԵՐԴ» ՔԱՂԱՔԱՏԵՂԻ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ
Պատմամշակութային արգելոցը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքից ոչ հեռու` Ձորագետ և Միսխանա գետերի զառիթափ կիրճերով եզերված հրվանդանանման սարահարթում, ծովի մակարդակից 1490 մ բարձրության վրա: Արգելոցի տարածքում գտնվող բերդի մասին հավաստի տեղեկություն է տալիս XIII դ. պատմիչ Վարդան Արևելցին: Լոռե բերդը կառուցել է Անիի Բագրատունիների` Կյուրիկյան ճյուղի ներկայացուցիչ Դավիթ Անհողին թագավորը (989-1048թթ.) մոտավորապես՝ 1005–1020թթ.: Բուն բերդաքաղաքը զբաղեցրել է շուրջ 35 հա տարածք, որից միջնաբերդը` 8.5 հա է: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից, ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում` միակ մուտքն է: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20 մ-ի, բարձրությունը՝ 20—25 մ-ի: Պարսպի պարագծով փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել: Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար: Ձորագետի կիրճի եզրին բացված ընդարձակ շինության նշանակությունն առայժմ անհայտ է: Ենթադրվում է, որ այն եղել է պալատական կառույցի ներքնահարկ և կանգուն է մնացել մինչև XVIII – XIX դարերը: Բերդի տարածքը և հարակից շրջանները բնակեցված են եղել վաղագույն ժամանակներից: Այդ են վկայում տեղում պեղումների ընթացքում բացված միջինբրոնզեդարյան – երկաթեդարյան դամբարանադաշտերի (մ.թ.ա. XXI/XIX – VII/VI դդ.) հարուստ նյութերը: Հնագիտական հետազոտությունները հուշարձանի տարածքում սկսվել են 1966 թ. և շարունակվում են առ այսօր: Հաշվի առնելով Լոռե բերդի պատմամշակութային դերն ու նշանակությունը և նրա հետագա ուսումնասիրման ու պահպանման անհրաժեշտությունը` ՀՀ կառավարությունը 2010 թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1426-Ն որոշումով այս տարածքին տվել է «Լոռի բերդ»քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի կարգավիճակ, ներառելով այն ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:
Բացել էջը →
«ԲՋՆԻ ԱՄՐՈՑ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ
Հայասատանի քաղաքական և մշակութային կյանքում պատմականորեն նշանակալի դերակատարում ունեցած Բջնի ամրոցը ներկայանում է բազմադարյա հարուստ ժառանգությամբ: ՀՀ վարչատարածքային ներկայիս բաժանման համաձայն՝ այն գտնվում է Կոտայքի մարզում, համանուն գյուղի մերձակա հրվանդանի վրա: Գրանցված է ՀՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա` պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում` որպես առանձին միավոր (պետ. ցուցիչ` 6.19.1), և գտնվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հոգածության ներքո: Բջնի ամրոցը բաժանված է երկու` Մեծ (Վերին) և Փոքր (Ստորին) բերդահատվածների: Ամրոցի պատմամշակութային հուշարձաններն են Ս. Խաչ եկեղեցին, պալատական շինությունը, հացահատիկի ամբարը, գաղտնուղին, ինչպես նաև արտադրական և բնակելի համալիրներ: Բջնի հնավայրի պահպանա կան գոտին կազմում է 17,5 հա, իսկ բուն ամրոցը` 7,06 հա: Իրականացված հնագիտական պեղումների արդյունքում՝ Բջնիում հավաստվում է վաղ բրոնզի դարից մինչև անտիկ դարաշրջանը ներառող պատմական հնագույն մշակութային շերտերի առկայությունը: Միջնադարյան Բջնին առավելաբար հայտնի է իր ռազմավարական, վարչաքաղաքական, ինչպես նաև վարչաեկեղեցական ու կրթական դերով և նշանակությամբ: Անառիկ ամրոցը խթանել է բնակավայրի զարգացմանը և բարգավաճմանը՝ միևնույն ժամանակ թիրախ հանդիսանալով բազմաթիվ օտար նվա ճողների համար: Բջնին պատմության ընթացքում ունեցել է վերելք ու անկում, կառուցում ու ավերում, սակայն միշտ վերակերտել է կյանքը, ինչը վկայվում է բազմաթիվ հուշարձաններով:
Բացել էջը →
Մինաս Ավետիսյանի թանգարան/Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ
Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնադրվել է 1982 թվականին՝ նկարչի ծննդավայր Ջաջուռ գյուղում: 1988 թ. երկրաշարժից շենքն ավերվել է: Թանգարանը վերաբացվել է 2003 թ. վերակառուցումից հետո` ներառելով նաև 1979-ից ՀԱՊ-ի մասնաճյուղ հանդիսացող Մ.Ավետիսյանի երևանյան արվեստանոցի հավաքածուն: Այժմ թանգարանում ցուցադրվում են նկարչի և նրա ժամանակակիցների աշխատանքները:Մինաս Կարապետի Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզում): Մասնագիտական կրթությունը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսանել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 1960 թվականին։Մինաս Ավետիսյանը 20-րդ դ. երկրորդ կեսի հայ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից է: Նրա արվեստին բնորոշ են վառ և զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատկությունների գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: Մինասը բազմաժանր նկարիչ է: Նա ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող հորինվածքներ, բնանկարներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: Նա նաև 20 ինքնատիպ որմնանկարների հեղինակ է: Նրա գեղանկարչության արմատները ձգվում են դեպի հայկական մանրանկարչությունը: Արվեստագետն իրեն լավագույնս դրսևորել է և՛ գեղանկարչության, և՛ գրաֆիկայի, և՛ որմնանկարչության, և՛ բեմանկարչության մեջ: Թեև նկարչի հասուն ստեղծագործական կյանքը տևել է ընդամենը 15 տարի՝ 1960-1975 թթ., բայց նա անջնջելի հետք է թողել հայ գեղանկարչության պատմության մեջ:
Բացել էջը →
Կոտայքի երկրագիտական թանգարան (Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ)
Կոտայքի մարզի և Հրազդանի տարածաշրջանի պատմության, այստեղ հաստատված տեղաբնիկների պատմագիտական զարգացման, նրանց կենցաղի, նյութական, մշակութային հուշարձանների, պատմա-աշխարհագրական պայմանների մասին ամբողջական պատկերացում է տալիս Կոտայքի երկրագիտական թանգարանը, որը հիմնադրվել է 1980 թվականին: Սկզբնական շրջանում թանգարանը գործել է Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկի առաջին հարկում: 1980-ական թթ. սկզբներին սկսվում են Հրազդանի շրջանի նախկին վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները, իսկ 1985 թվականին շենքի մի մասը տրամադրվում է Հրազդանի պատմա-երկրագիտական թանգարանին: Շենքի հիմնանորոգումից հետո այստեղ են տեղափոխվում թանգարանային ցուցանմուշները և սկսվում են թանգարանի նոր մշտական ցուցադրության ձևավորման աշխատանքները և արդեն 1989թ․ դեկտեմբերի 1-ին նոր շենքում տեղի է ունենում թանգարանի նոր մշտական ցուցադրության բացման արարողությունը։ 1993թ.-ից թանգարանը սկսել է գործել նոր կարգավիճակով՝ կոչվելով ՀՀ մշակույթի նախարարության "Հրազդանի երկրագիտական թանգարան", իսկ 2002թ.-ից` "Հրազդանի երկրագիտական թանգարան" ՊՈԱԿ: 2024 թվականից թանգարանը գործում է նոր կարգավիճակով՝ կոչվելով Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ «Կոտայքի երկրագիտական թանգարան»։ Թանգարանի շենքը երկհարկանի է: Մշտական ցուցադրությունը գործում է առաջին և երկրորդ հարկերում, որը բաղկացած է հնագիտական, միջնադարյան, ազգագրական և նոր ու նորագույն պատմությանը վերաբերող ցուցասրահներից: Թանգարանի ստեղծման գործում իրենց ավանդն են ունեցել անհատական հավաքածուներ ունեցող, Հրազդանի տարածաշրջանի բնակիչներ Մ. Պողոսյանը, Է. Ասատրյանը, Մ.Դավթյանը և Ց. Օհանյանը, որոնց հնագիտական և ազգագրական հավաքածուներից ստացված նվիրատվությունները սկիզբ են հանդիսացել թանգարանի հիմնադրման համար: Նոր և նորագույն բաժինների ցուցադրությունները կազմավորվել են հիմնականում նոր շենք տեղափոխվելուց հետո՝ հավաքչական աշխատանքների և նվիրատվությունների միջոցով։ Այժմ թանգարանում պահվում են 2000-ից ավելի ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Կոտայքի մարզը և Հրազդանի տարածաշրջանը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, միջոցառումներ և կրթական ծրագրեր:
Բացել էջը →
Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան (Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ)
Սիսիանի պատմությունը, մշակույթը և կենցաղը ներկայացնող Սիսիանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1989 թ.-ի մարտին և կրում է պատմաբան, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի անունը: Շենքը կառուցվել է 1937թ.-ին: Իր առաջին ցուցադրությունը թանգարանը ներկայացրել է 1997 թ.-ին: Թանգարանի ցուցասրահներում այցելուները կարող են տեսնել նախաքրիստոնեական ժամանակների նմուշներ, բրոնզեդարյան խեցեգործական առարկաներ, Սյունիքի մարզին բնորոշ կարպետներ և գորգեր, տոնական, ազգային-ավանդական հանդերձներ՝ տարազներ, արծաթե զարդեր, կենցաղում օգտագործվող առարկաներ և այլ արժեքավոր ցուցանմուշներ: Թանգարանի հավաքածուները համալրված են հնագիտական, ազգագրական, տպագրական նյութերով (փաստաթղթեր, լուսանկարներ, քարտեզներ, գրքեր), քանդակներով և գեղանկարներով: Թանգարանի ֆոնդերը ձևավորվել են հիմնադրման օրից և ներկայացնում են բացառապես Սիսիանի տարածաշրջանը. այն կազմված է երեք բաժնից՝ հնագիտություն,ազգագրություն և գոյամարտ: Վերջին բաժնում ներկայացված են նաև լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր և այլ նյութեր։ Հնագիտության բաժնի ֆոնդը հիմնականում ձևավորվել է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութից: Այն թանգարան է բերվել Զորաց Քարեր հնավայրից, Աղիտու, Շաղատ, Լոր, Դաստակերտ գյուղերից, Սիսիան քաղաքի տարբեր թաղամասերից։ Ազգագրության բաժնի ֆոնդը ներկայացնում է Սիսիանի տարածաշրջանի գորգարվեստը, ձեռագործը, արհեստները, տարազը, նաև՝ լուսանկարները, փաստաթղթերը և այլն։ Գոյամարտի բաժնի ֆոնդը ներկայացնում է 1915թ. Մեծ եղեռնը, Սյունիքի ազատագրական կռիվները, Հայրենական մեծ պատերազմը և Արցախյան պատերազմը: Թանգարանը անցկացնում է կրթական, գիտական, ճանաչողական ծրագրեր, նաև վարպետաց դասեր:
Բացել էջը →
Երևանի Պատմության թանգարան
Երևանի պատմության թանգարանը Հայաստանի մայրաքաղաքի կարևորագույն մշակութային և գիտական կենտրոններից մեկն է, որը ներկայացնում է Երևանի մշակութային ժառանգությունը: Երևան քաղաքի պատմության թանգարանը մեր հնամյա ոստանի յուրահատուկ այցեքարտն է, եզակի մշակութային օջախ, որի առաքելությունը ոչ միայն հազարամյակների պատմությունն ու մշակույթը մի տեղ ամբարելը, պահպանելը, հետազոտելը, ցուցադրելն ու սերնդեսերունդ փոխանցելն է, այլև վաղվա երևանցի ձևավորելը, երևանցի, ով կսիրի ու նորովի կարժևորի իր քաղաքը, ում համար այս քաղաքի պահպանումն ու բարեկարգումը կլինեն սեփական արժանապատվությանը հավասար արժեքներ: Մայրաքաղաքի պատմության թանգարանն իր ցուցադրությամբ, ցուցանմուշների և հրատարակությունների քանակով, պահպանության միջոցներով համապատասխանում է արդի թանգարանագիտության պահանջներին և դարձել է հանրապետության առաջնակարգ թանգարաններից մեկը: Երևանի պատմության թանգարանի ներկայիս ցուցադրությունը այցելուների համար բացվել է 2007 թ. ապրիլի 3-ին: Թանգարանի հավաքածուն ներառում է քաղաքի ձևավորման ու զարգացման ողջ ընթացքը ներկայացնող շուրջ 100 000 հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի բացառիկ նմուշներ և փաստավավերագրական նյութեր՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Հիմնական ցուցադրությունը ներկայացված է «Երևանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև ուշ միջնադար», «Երևանը XIX դարում», «Երևանը XIX դարավերջից մինչև մեր օրերը» բաժիններում: Թանգարանում ցուցադրվող հնագիտական նմուշները ներկայացնում են քաղաքի հազարամյակների պատմությունը, ազգագրական և կենցաղային իրերը պատկերացում են տալիս երևանի բնակիչների առօրյայի, սովորույթների ու արժեքների մասին, իսկ գեղարվեստական ու փաստագրական նյութերը բացահայտում են քաղաքաշինության, արվեստի և հասարակական կյանքի զարգացումները։
Բացել էջը →
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը ստեղծվել է 1972թ. արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ և որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան հայ մշակույթի այս օջախը դարձավ առաջինը նախկին Խորհրդային Միության տարածքում: Այս իրադարձությունը աննախադեպ և հեղափոխական էր ժամանակակից արվեստում այս տարածաշրջանում , քանի որ հնարավորություն տվեց համարձակ մոդեռն արվեստը, որն արգելված էր ԽՍՀՄ –ում , հասանելի դարձնել արվեստասեր հանրությանը: Թանգարանի ֆոնդերում պահպանվում է Հայաստանի և սփյուռքի արվեստագետների շուրջ 3000 աշխատանքներ 1960-ական թվականներից ի վեր։ Հիմանական ցուցադրությունից բացի ժամանակավոր ցուցադրությունների սրահում մշտապես կազմակերպվում են ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվում են արվեստագետների աշխատանքներ աշխարհի տարբեր ծայրերից։ Այս կերպ թանգարանը լուծել է այն կարևոր խնդիրը, որ Հայաստանին անհրաժեշտ է տեսնել, ճանաչել և հասկանալ սեփական ժամանակակից արվեստի կերպարանքը մեր օրերում՝ այն դիտարկելով համաշխարհային արվեստի համատեքստում։
Բացել էջը →
Արդի Արվեստի Կենտրոն
ՀայԱրտ կենտրոնը միջառարկայական հարթակ է, որը նվիրված է Հայաստանում ժամանակակից արվեստի ներկայացմանը: Գտնվելով Երևանում՝ սկզբնապես որպես ժամանակակից արվեստի թանգարան նախագծված շենքում, ՀայԱրտ կենտրոնը շարունակում է այս տեսլականը՝ աջակցելով գեղարվեստական և կուրատորական նորարարությանը, ինչպես նաև միջազգային համագործակցությանը:
Բացել էջը →
Սիլվա Կապուտիկյանի տուն - թանգարան
Հայ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան, հիմնադրվել է 2003 թվականին՝ Սիլվա Կապուտիկյանի կտակի համաձայն։ 2009 թվականի հունվարի 20-ին բանաստեղծուհու ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի կառավարության որոշմամբ տունը վերածվել է տուն-թանգարանի։ Թանգարանը հանդիսանում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ։ Տուն-թանգարանի հուշային մասը զբաղեցնում է բնակելի շենքի 4-րդ հարկում գտնվող 4 սենյականոց բնակարանի մի մասը: Ուշագրավ է, որ ականավոր բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը, որն անփոփոխ է մինչ օրս: Ցուցադրության հուշային մասը սկսվում է բնակարանի նախամուտքից, երկրորդ սրահը բանաստեղծուհու աշխատասենյակ - ննջարանն է, երրորդը՝ հյուրասենյակը: Բանաստեղծուհու կենդանության օրոք բնակարանը ունեցել է բաց պատշգամբ, որը թանգարանի ստեղծման ժամանակ դարձել է ցուցասրահ և ներկայացնում է Սիլվա Կապուտիկյանի կյանքին վերաբերող հետաքրքիր դրվագներ, հուշանվերներ, պարգևներ և նրա կյանքի օրոք հրատարակված գրքեր:
Բացել էջը →
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Բացել էջը →
Մուսալեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարան
1972 թ. հայրենադարձված մուսալեռցիների ջանքերի արդյունքում Էջմիածնի Գինեվետ ավանը վերանվանվում է Մուսա լեռ, իսկ 1976 թ. սեպտեմբերի 18-ին տեղի է ունենում Մուսա լեռան փառապանծ հերոսամարտի նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Մուսալեռան թանգարան-մասնաճյուղը բացվել է 1983 թվականին՝ մուսալեռցիների ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրությանն ուղղված դիմումի հիման վրա։ Կուլտուրայի մինիստրությունը, ընդառաջելով կենտրոնական հանձնաժողովի դիմումին, հանձնարարում է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանին կազմակերպել Մուսալեռան հուշարձանի թանգարանը և որոշում հուշահակառույցը՝ որպես մասնաճյուղ, հանձնել Հայաստանի ազգագրության պետական թանգարանին։ 1982 թվականի օգոստոսի 5–18-ը Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գիտաշխատողները կազմակերպված ազգագրական գիտարշավի ընթացքում ձեռք են բերում մուսալեռցիների ինքնապաշտպանությանը վերաբերող նյութեր, մշակութային արժեքներ, հիմնականում՝ մուսալեռցիների նվիրատվություններ։ Թանգարանի տնօրենի 25.05.1983 թ. թիվ 194 հրամանով ի կատարումն ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության 1983 թ. մայիսի 18-ի «Ցուցասրահ կազմակերպելու մասին» թիվ 241 հրամանի՝ կազմակերպվել է Մուսա լեռան հերոսամարտին և ազգագրությանը նվիրված մշտական գործող ցուցադրություն։ Ցուցադրության տարածքը հուշահամալիրի հարակից հատվածում կազմում է 40 ք.մ., իսկ ազգագրության հատվածում՝ 60 ք.մ։ Թանգարան-համալիրը բաղկացած է երկու ցուցասրահից, որոնցից մեկում՝ հուշարձանի մեջ (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, քանդակագործ՝ Ա. Հարությունյան) ներկայացված է Մուսալեռան հերոսական ինքնապաշտպանությունը, իսկ մյուս սրահում (ճարտարապետ՝ Լևոն Խալուլյան)՝ մուսալեռցիների նյութայան, հոգևոր և սոցիալական մշակույթը։
Բացել էջը →
Էջմիածնի պատկերասրահ
Էջմիածնի պատկերասրահը հիմնադրվել է 1970 թվականին։ Թանգարանը հանդիսանում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Թանգարանում ցուցադրվում են ամերիկահայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները (քանդակ, գծանկար, գեղանկար)։ Խորեն Տեր-Հարությանն առաջին անգամ Հայաստան է եկել 1970 թվականին արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի հայկական ընկերության հրավերով։ 1971 թվականին Երևանի Նկարչի տանը բացված անհատական ցուցահանդեսը լայն ճանաչում է բերել նրան նաև Հայաստանում, իսկ 1983 թվականին քանդակագործը հայրենիքին է նվիրաբերել 200-ից ավելի ստեղծագործություն։ 1994 թվականին Էջմիածնի մասնաճյուղում բացվեց վարպետի աշխատանքների մշտական ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են Տեր-Հարությանի քանդակները, Ջամայկայում ապրած տարիներին կատարած գեղանկարչական երկերը և տարբեր երկրներում ստեղծած գրաֆիկական գործերը, որոնք արտացոլում են նրա գեղարվեստական լեզուն, պատկերացում տալիս նրա արվեստի բազմաժանրության մասին։
Բացել էջը →
Մհեր Աբեղյանի թանգարան
Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին հայրենի քաղաքին նկարչի նվիրաբերած գեղանկարչական և գրաֆիկական ստեղծագործությունների հիման վրա։ Թանգարանը հանդիսանում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Մասնաճյուղում ներկայացված են Աբեղյանի յուղաներկ կտավները, պարբերաբար ցուցադրվում են նաև նրա գրաֆիկական աշխատանքները։ Ցուցադրված են նաև Եղիշե Թադևոսյանի 30 կամերային աշխատանքներ, և Խաչատուր Իսկանդարյանի մեկ քանդակ։
Բացել էջը →
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց- թանգարան
Նկարիչ Գևորգ Գրիգորյանի (Ջիոտտո) արվեստանոց-թանգարանը հիմնադրվել է Երևանում 1977 թվականին նրա այրու՝ Դիանա Ուկլեբայի և մի խումբ արվեստագետների նախաձեռնությամբ։ Թանգարանը հանդիսանում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ։ Այստեղ կարելի է տեսնել նկարչի տարբեր տարիների աշխատանքները, տարբեր շրջափուլերում, թե‘ Թիֆլիսյան, թե‘ արևելյան ստեղծագործությունները։ Առանձին ցուցասրահում ցուցադրվում է նկարչի գրաֆիկական աշխատանքները։ Թանգարանում գործում է նաև գրադարան՝ արվեստագետ զույգի անձնական գրքերից բաղկացած: Ցուցադրության մաս են կազմում նաև Դիանա Ուկլեբայի գեղանկար աշխատանքները։
Բացել էջը →
Հրազդանի պատկերասրահ
Հրազդանի պատկերասրահը Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ է, որը բացվել է 1981թ-ին։ Այստեղ կարելի է տեսնել 1960-ական թվականներից մինչև մեր օրերը ստեղծագործող հայ նկարիչների ավելի քան 53 նմուշ ստեղծագործություն։ Պատկերասրահը վերաբացվել է 2010թ-ին։
Բացել էջը →
Պերճ Պռոշյանի տուն-թանգարան
Թանգարանը ստեղծվել է 1948 թվականին, Աշտարակում, հայ խոշորագույն դասական գրող Պերճ Պռոշյանի (1837-1907) հայրական տան հիման վրա: Վերջինիս կից կառուցվել է երեք ցուցասրահ, որոնցից մեկը կահավորված է գրողի անձնական իրերով, մյուս երկուսում ցուցադրված են նրա կյանքին ու գործունեությանը վերաբերող հարուստ նյութեր: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Պռոշյանի ժառանգների նվիրատվությամբ: Այսօր տուն-թանգարանում առկա են 2000-ից ավելի հուշային եւ օժանդակ նյութեր, որոնց շնորհիվ այցելուները հաղորդակցվում են մեծ արձակագրի գրական, մանկավարժական, հասարակական բազմաբեղուն գործունեությանը: Տուն-թանգարանը վերանորոգվել է 2008 թվականին, նորացվել է նաև ցուցադրությունը: Մեծ գրողի տունը, որ միշտ լեցուն է այցելուներով, Աշտարակի ամենագործուն մշակութային օջախն է: Այցելուներն այստեղ ծանոթանում են Պռոշյանի հիշատակը հավերժացնող մասունքերին, ստեղծագործություններին, մասնակցում դրանց հիման վրա կազմակերպվող միջոցառումներին, որոնք ոգեկոչում են Պռոշյանի ապրած ժամանակը, կենցաղն ու գրական-մշակութային կյանքը:
Բացել էջը →
Ալավերդու պատկերասրահ
Ալավերդու պատկերասրահ
Բացել էջը →
Հր․ Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ
Հր․ Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ
Բացել էջը →
Ջերմուկի պատկերասրահ
Ջերմուկի պատկերասրահ
Բացել էջը →
Մարտունու պատկերասրահ
Մարտունու պատկերասրահ
Բացել էջը →
ՀԱՊ Սիսիանի մասնաճյուղ
ՀԱՊ Սիսիանի մասնաճյուղ
Բացել էջը →
ՀԱՊ Եղեգնաձորի մասնաճյուղ
ՀԱՊ Եղեգնաձորի մասնաճյուղ
Բացել էջը →
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Ակսել Բակունցի տուն-թանգարան
Բացել էջը →
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը` Լոռու մարզի Դսեղ գյուղում տուն-թանգարանի է վերածվել 1939 թվականին: Այստեղ պահպանվում է մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշ: Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (գործ Ա. Ուրարտուի, 1953թ.) և կառուցված է մատուռ (1994թ.), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը: Թանգարանը երկհարկանի է՝ բաղկացած վեց սենյակից: Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը և երկու ցուցասրահը: Վերջին երկուսում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում և Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրողի գրական-հասարակական գործունեության մասին: Երկրորդ հարկում գտնվող երկու սրահներում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և անձնական իրերը։ Երկրորդ հարկը բանաստեղծի ամառանոցն է եղել։ Չնայած տուն-թանգարանը գտնվում է բարձրադիր գյուղական բնակավայրում հանճարեղ բանաստեղծի, արձակագրի, մանկագրի ու ազգային խոշոր գործչի անսպառ ձգողական ուժը այստեղ է բերում հազարավոր այցելուների`հաղորդակցվելու նրա նվիրական մասունքներին: Թումանյանին վերաբերող հիշարժան տարեթվերի և զանազան այլ առիթներով այստեղ կազմակերպվում են մեծ հանդիսություններ և ամենամյա թումանյանական օրեր։
Բացել էջը →
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՎԱԾՔԻ ԹԱՆԳԱՐԱՆ
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՎԱԾՔԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Բացել էջը →
ԵՐԵՎԱՆԻ ՓԱՅՏԱՐՎԵՏԻ ՑՈՒՑԱՍՐԱՀ
ԵՐԵՎԱՆԻ ՓԱՅՏԱՐՎԵՏԻ ՑՈՒՑԱՍՐԱՀ
Բացել էջը →