
Օրբելի եղբայրների տուն-թանգարան (Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ)
Կոտայք
Նկարագրություն
Օրբելի եղբայրների տուն-թանգարանը բացվել է 1982 թվականին, երբ երկրի գիտական հասարակությունը նշում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը: Թանգարանի անբաժանելի մասն է կազմում Հայաստանի վաստակավոր քանդակագործ Արտաշես Հովսեփյանի` Օրբելի եղբայրների հուշաքանդակը` կանգնեցված թանգարանին կից հրապարակում, որը չի վրիպում անցորդների աչքից և հրավիրում է նրանց Օրբելիների տուն: Թանգարանն ունի շուրջ 3000 մշակութային արժեքների հավաքածու: Դրանք հիմնականում ձեռք են բերվել Սանկտ Պետերբուրգ քաղաքից: Տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային: Երեք սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին, գիտական և հասարակական գործունեությունը: Իսկ մյուս երեք հուշասենյակներում ցուցադրված են Օրբելի եղբայրների անձնական իրերը, գրասեղանը, բազմոցը, բազկաթոռը, գաղտնապահարանը, ինչպես նաև գրքերը, ձեռագրերը, լուսանկարները, փաստաթղթերը և կենցաղային առարկաները: Հավաքածուի ուշագրավ մասն է կազմում գրադարանը, որն ամփոփում է հայերեն հին հրատարակություններ, ինչպես նաև օտար լեզուներով` ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն գրքեր, որոնցից շատերը կրում են Օրբելիների կողմից արված նշումներ: Այստեղ են պահվում նաև նրանց կողմից հրատարակված աշխատությունները: Թանգարանում կան գրաֆիկական և յուղաներկ աշխատանքներ, ինչպես նաև յուրահատուկ տեխնիկայով՝ բարդու աղվամազից պատրաստված դիմանկարներ: Լուսանկարների հարուստ ֆոնդը վառ պատկերացում է տալիս Օրբելի եղբայրների և նրանց ժամանակակիցների մասին, իսկ կենցաղային զանազան իրերը նրանց ապրած կյանքի և նախասիրությունների լուռ վկաներն են: