← Վերադառնալ ցանկինԹանգարան

Հովհաննես Թումանյանի թանգարան

Երևան

Նկարագրություն

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի (1869-1923) թանգարանը հիմնադրվել է 1949 թվականին՝ գրողի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, Հայաստանի կառավարության որոշմամբ, նրա հիշատակը հավերժացնելու, գրական ու նյութական ժառանգությունը պահպանելու նպատակով: Թանգարանի բացումը տեղի է ունեցել 1953 թ. ապրիլի 5-ին` Երևանի Մոսկովյան 40 հասցեում։ Թանգարանի շենքի ճարտարապետն է Գրիգոր Աղաբաբյանը։ Թանգարանում խնամքով պահվում է ավելի քան 19000 ցուցանմուշ: Գրողի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը ժամանակագրական կարգով ցուցադրված են առաջին հարկում, որտեղից էլ սկսվում է այցելուի ծանոթությունը թանգարանին: Խորհրդավոր տպավորություն է թողնում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը: Թանգարանի ուշագրավ անկյուններից է նաև «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով` այցելուին տեղափոխելով Հայաստանի կանաչազարդ գեղեցիկ անկյուններից մեկը: Թանգարանի երկրորդ հարկում ամենայն մանրամասնությամբ վերարտադրված է Հովհ. Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը: Նույն հարկի առանձին սրահում ներկայացված է թանգարանի մեծագույն արժեքներից մեկը` Հովհ. Թումանյանի անձնական բացառիկ ու բազմաբնույթ գրադարանը` ավելի քան 8000 գրքով: Թանգարանը հարուստ է նաև կերպարվեստի գլուխգործոցներով, որոնք զարդարել են Թումանյանի բնակարանն իր կենդանության ժամանակ (Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Ալ. Բաժբեուկ-Մելիքյան), նաև նոր գործերով, որոնք ստեղծվել են մտավորականի կյանքի և ստեղծագործությունների ազդեցությամբ (Մ. Սարյան, Գ. Խանջյան, Ալ. Գրիգորյան և այլք): Թանգարանի ձմեռային այգին թումանյանական թեմաներով քանդակի և կիրառական արվեստի նմուշների յուրատեսակ ցուցահանդես է: Թանգարանը ծավալում է բազմաբնույթ և ակտիվ գործունեություն՝ գրավիչ և հաճելի վայր մնալով թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս: Թանգարանում այցելուն կարող է վայելել նոր տեխնոլոգիաների կիրառման ինքնատիպ փորձեր՝ համադրված դասական ցուցադրության հետ, դիտել անիմացիոն եռաչափ մուլտֆիլմեր, հեռախոսային հատուկ հավելվածների միջոցով հանդիպել անսպասելին ու լուսանկարվել, մասնակցել զանազան միջոցառումների, կրթական ծրագրերի, ցուցահանդեսների: Թանգարանը զբաղվում է նաև բեղուն գիտական գործունեությամբ՝ ուսումնասիրելով և հրապարակելով Թումանյանի ընտանիքի՝ հատկապես զավակների արխիվները, Թումանյանին վերաբերող նոր նյութեր, կազմակերպելով մանկական գրականությանը և հեքիաթագիտությանը վերաբերող գիտաժողովներ: Վերանորոգման և վերակառուցման աշխատանքներով պայմանավորված` թանգարանը, Մոսկովյան 40 հասցեի փոխարեն, իր ժամանակավոր գործունեությունը ծավալում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքում։ Ցուցադրությունը ներկայացված է երկու հարկերում։ Առաջին հարկի ցուցադրությունը կոչվում է «Թումանյանը` ընթերցող»։ Ներկայացված են գրողի գրապահարանները, Թումանյանի թիֆլիսյան բնակարանի հյուրասենյակից մի գողտրիկ անկյուն և այլ ցուցանմուշներ։ Երկրորդ հարկի ցուցադրությունը նվիրված է «Վերնատան» գործունեությանը։ Այստեղ դարձյալ վերարտադրվել են Թումանյանի թիֆլիսյան բնակարանից տարբեր հատվածներ։ Թանգարանը նորովի, ժամանակակից լուծումներով կվերաբացվի Մոսկովյան 40 հասցեում` 2026 թվականին (ըստ նախագծի)։

«Զեղչված և անվճար տոմսերը հասանելի են միայն թանգարանի տոմսարկղում»