← Վերադառնալ ցանկինԹանգարան

Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան (Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ)

Սյունիք

Նկարագրություն

Սիսիանի պատմությունը, մշակույթը և կենցաղը ներկայացնող Սիսիանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1989 թ.-ի մարտին և կրում է պատմաբան, բյուզանդագետ Նիկողայոս Ադոնցի անունը: Շենքը կառուցվել է 1937թ.-ին: Իր առաջին ցուցադրությունը թանգարանը ներկայացրել է 1997 թ.-ին: Թանգարանի ցուցասրահներում այցելուները կարող են տեսնել նախաքրիստոնեական ժամանակների նմուշներ, բրոնզեդարյան խեցեգործական առարկաներ, Սյունիքի մարզին բնորոշ կարպետներ և գորգեր, տոնական, ազգային-ավանդական հանդերձներ՝ տարազներ, արծաթե զարդեր, կենցաղում օգտագործվող առարկաներ և այլ արժեքավոր ցուցանմուշներ: Թանգարանի հավաքածուները համալրված են հնագիտական, ազգագրական, տպագրական նյութերով (փաստաթղթեր, լուսանկարներ, քարտեզներ, գրքեր), քանդակներով և գեղանկարներով: Թանգարանի ‎ֆոնդերը ձևավորվել են հիմնադրման օրից և ներկայացնում են բացառապես Սիսիանի տարածաշրջանը. այն կազմված է երեք բաժնից՝ հնագիտություն,ազգագրություն և գոյամարտ: Վերջին բաժնում ներկայացված են նաև լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր և այլ նյութեր։ Հնագիտության բաժնի ֆոնդը հիմնականում ձևավորվել է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութից: Այն թանգարան է բերվել Զորաց Քարեր հնավայրից, Աղիտու, Շաղատ, Լոր, Դաստակերտ գյուղերից, Սիսիան քաղաքի տարբեր թաղամասերից։ Ազգագրության բաժնի ֆոնդը ներկայացնում է Սիսիանի տարածաշրջանի գորգարվեստը, ձեռագործը, արհեստները, տարազը, նաև՝ լուսանկարները, փաստաթղթերը և այլն։ Գոյամարտի բաժնի ֆոնդը ներկայացնում է 1915թ. Մեծ եղեռնը, Սյունիքի ազատագրական կռիվները, Հայրենական մեծ պատերազմը և Արցախյան պատերազմը: Թանգարանը անցկացնում է կրթական, գիտական, ճանաչողական ծրագրեր, նաև վարպետաց դասեր:

«Զեղչված և անվճար տոմսերը հասանելի են միայն թանգարանի տոմսարկղում»