
Նկարագրություն
Զվարթնոց արգելավայրի ստեղծումը պայմանավորված է 1900-1907 թթ. Էջմիածնի միաբան Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ և 1904 թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ պեղումներով բացված Զվարթնոց կամ Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի (կառուցված 641-652 թթ.) և հարակից շինությունների ավերակների պատմաճարտարապետական բացառիկ նշանակությամբ և պատմահնագիտական գտածոների արժեքով: Զվարթնոց տաճարի հարավային կողմում 1936-1937 թթ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով և հնագետ Կարո Ղաֆադարյանի ղեկավարությամբ կառուցվել է Զվարթնոց թանգարանային շենքը, որի բացումը կատարվել է 1937 թ. նոյեմբերիր 7-ին: Սկզբում այն ունեցել է փոքր ցուցադրություն` ձևավորված մեկ սրահի մեջ` 80 քմ մակերեսով: 1988 թ. ճարտարապետ Լ.Սադոյանի նախագծով սկսվել են թանգարանային շենքի ընդարձակման աշխատանքները և այն գրեթե քառապատկվել է, իսկ 2003 թ. ավարտին է հասցվել թանգարանային շենքի հարդարման աշխատանքները: Այժմ ցուցադրության համար թանգարանն ունի 3 սրահներ`երկուսը մշտական, իսկ մեկը` ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունների կազմակերպման համար: Թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերում, ինչպես նաև բաց ցուցադրությունում կան 10 հազարից ավելի միավոր նյութեր, որոնցից առավել ամբողջականները տեղ են գտել մշտական ցուցադրության մեջ: