
Կոտայքի երկրագիտական թանգարան (Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ)
Կոտայք
Նկարագրություն
Կոտայքի մարզի և Հրազդանի տարածաշրջանի պատմության, այստեղ հաստատված տեղաբնիկների պատմագիտական զարգացման, նրանց կենցաղի, նյութական, մշակութային հուշարձանների, պատմա-աշխարհագրական պայմանների մասին ամբողջական պատկերացում է տալիս Կոտայքի երկրագիտական թանգարանը, որը հիմնադրվել է 1980 թվականին: Սկզբնական շրջանում թանգարանը գործել է Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկի առաջին հարկում: 1980-ական թթ. սկզբներին սկսվում են Հրազդանի շրջանի նախկին վարչական շենքի հիմնանորոգման աշխատանքները, իսկ 1985 թվականին շենքի մի մասը տրամադրվում է Հրազդանի պատմա-երկրագիտական թանգարանին: Շենքի հիմնանորոգումից հետո այստեղ են տեղափոխվում թանգարանային ցուցանմուշները և սկսվում են թանգարանի նոր մշտական ցուցադրության ձևավորման աշխատանքները և արդեն 1989թ․ դեկտեմբերի 1-ին նոր շենքում տեղի է ունենում թանգարանի նոր մշտական ցուցադրության բացման արարողությունը։ 1993թ.-ից թանգարանը սկսել է գործել նոր կարգավիճակով՝ կոչվելով ՀՀ մշակույթի նախարարության "Հրազդանի երկրագիտական թանգարան", իսկ 2002թ.-ից` "Հրազդանի երկրագիտական թանգարան" ՊՈԱԿ: 2024 թվականից թանգարանը գործում է նոր կարգավիճակով՝ կոչվելով Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ «Կոտայքի երկրագիտական թանգարան»։ Թանգարանի շենքը երկհարկանի է: Մշտական ցուցադրությունը գործում է առաջին և երկրորդ հարկերում, որը բաղկացած է հնագիտական, միջնադարյան, ազգագրական և նոր ու նորագույն պատմությանը վերաբերող ցուցասրահներից: Թանգարանի ստեղծման գործում իրենց ավանդն են ունեցել անհատական հավաքածուներ ունեցող, Հրազդանի տարածաշրջանի բնակիչներ Մ. Պողոսյանը, Է. Ասատրյանը, Մ.Դավթյանը և Ց. Օհանյանը, որոնց հնագիտական և ազգագրական հավաքածուներից ստացված նվիրատվությունները սկիզբ են հանդիսացել թանգարանի հիմնադրման համար: Նոր և նորագույն բաժինների ցուցադրությունները կազմավորվել են հիմնականում նոր շենք տեղափոխվելուց հետո՝ հավաքչական աշխատանքների և նվիրատվությունների միջոցով։ Այժմ թանգարանում պահվում են 2000-ից ավելի ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Կոտայքի մարզը և Հրազդանի տարածաշրջանը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը: Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են ժամանակավոր ցուցահանդեսներ, միջոցառումներ և կրթական ծրագրեր: