
Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը
Երևան · Հայաստանի ազգային պատկերասրահ
Նկարագրություն
Վարդգես Սուրենյանցի հանրահայտ «Լքյալը» (1894)՝ նկարչի ստեղծագործական ժառանգության և հայկական կերպարվեստի նշանավոր գլուխգործոցներից մեկը, ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում։ Ստեղծագործությունը գալիս է Աբիլխան Կաստեևի անվան Ղազախստանի Հանրապետության արվեստի ազգային թանգարանից՝ բացառիկ փոխառությամբ։ Առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, միավորվում են Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավներ՝ «Լքյալը» (1894), «Ոտնահարված սրբություն» (1895) և «Ջարդից հետո» (1898)։ Ցուցադրության առանձնահատուկ շեշտադրումներից է նաև Սևանավանքի Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական դուռը՝ հենց այն դուռը, որը պատկերված է «Լքյալը» կտավում։ Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ներկայացվող պատմական բնօրինակը և դրա՝ Սուրենյանցի ստեղծած գեղարվեստական պատկերը առաջին անգամ կցուցադրվեն կողք-կողքի։ «Մարդկության դեմքը» ցուցահանդեսը միայն անցյալի մասին չէ։ Նախագծի գաղափարական առանցքում հումանիզմն է՝ մարդը, նրա արժանապատվությունը, կարեկցանքը, հիշողությունն ու համամարդկային պատասխանատվությունը։ Ավելի քան մեկ դար առաջ ստեղծված Սուրենյանցի արվեստը բարձրացնում է հարցեր, որոնք այսօր ևս արդիական են՝ արվեստը դարձնելով մարդկային փորձառության, փոխըմբռնման և երկխոսության տարածք։ Ցուցահանդեսում ներկայացվում են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլ արվեստագետների ստեղծագործություններ՝ բացահայտելով հումանիստական մտածողության զարգացման և շարունակականության ուղին հայկական արվեստում։